«Օլիմպիական խաղերի ստեղծման  պատմությունը»։Պատմություն։Լրացուցիչ աշխատանք։

Ժամանակակից Օլիմպիական խաղերը խոշորագույն միջազգային մարզական իրադարձություն է, ամառային և ձմեռային մարզաձևերի մրցաշարեր են, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հազարավոր մարզիկներ մասնակցում են բազմատեսակ մրցությունների։ Օլիմպիական խաղերը համարվում են գլխավոր մարզական մրցությունն աշխարհում, որոնց մասնակցում է ավելի քան 200 երկիր։ Օլիմպիական խաղերն անցկացվում են ամեն չորս տարին մեկ. Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են հերթականությամբ՝ մեկը մյուսից երկու տարի անց։ Օլիմպիական խաղերի ստեղծումը ոգեշնչվել է անտիկ Օլիմպիական խաղերից, որոնք անցկացվում էին Հին Հունաստանի Օլիմպիա բնակավայրում՝ սկսած մ. թ. ա. 8-րդ դարից, սակայն արգելվել են մ. թ. 4-րդ դարում։ Բարոն Պիեռ դը Կուբերտենի ջանքերով 1894 թվականին հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, որի գլխավորությամբ 1896 թվականին Աթենքում անցկացվել են ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ն Օլիմպիական շարժման ղեկավար մարմինն է, որի կառուցվածքն ու լիազորությունները որոշվում են ըստ Օլիմպիական խարտիայի։ 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում Օլիմպիական շարժումը զարգացում է ապրել, ինչը հանգեցրել է որոշակի փոփոխությունների Օլիմպիական խաղերում։ Արդյունքում ստեղծվել են Ձմեռային օլիմպիական խաղերը սառույցի վրա անցկացվող ու ձմեռային այլ մարզաձևերի համար, Պարալիմպիկ խաղերը հաշմանդամություն ունեցող մարզիկների համար, ինչպես նաև Պատանեկան օլիմպիական խաղերը պատանի մարզիկների համար։ Դեֆլիմպիկ և Հատուկ օլիմպիական խաղերը նույնպես հաստատվել են ՄՕԿ-ի կողմից։ Վերջինս ժամանակի ընթացքում ստիպված է եղել հարմարվել կատարվող տնտեսական, քաղաքական ու տեխնիկական փոփոխություններին։

Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ`   ի պատիվ Զևս աստծու :

Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:

Այդ խաղերի ժամանակ հայտարարվում էր բոլոր հույների համար պարտադիր «սրբազան հաշտություն», որի ընթացքում Հունաստանում դադարեցվում էին պատերազմական գործողությունները, և Օլիմպիա տանող ճանապարհները դառնում էին անվտանգ: Մինչև մ.թ.ա. 472 թ. խաղերն ավարտվել են 1 օրում: Սկսած մ.թ.ա. 468 թ-ի  78-րդ Օլիմպիական խաղերից`   դրանք տևել են 5 օր: Կանանց մասնակցությունը կամ ներկայությունը Օլիմպիական խաղերին արգելվել է: 

Սկզբում  մասնակիցները մրցել են միայն վազք մրցաձևում, բայց ժամանակի ընթացքում այդ խաղերում ընդգրկվել են նաև ձիակառքի մրցումները, հնգամարտը (վազք, սկավառակի և նիզակի նետում, հեռացատկ, ըմբշամարտ), բռնցքամարտը և այլ մարզաձևեր: Խաղերի հաղթողներն արժանացել են ձիթենու ճյուղերից հյուսված պսակի, ստացել տնտեսական և քաղաքական արտոնություններ: 

Օլիմպիական տոնակատարությունների ժամանակ կազմակերպվել են նաև արվեստների մրցույթներ, բանաստեղծներն արտասանել են այդ խաղերին ձոնած իրենց բանաստեղծություններն ու օրհներգերը, ճարտասանները փառաբանել են հաղթողներին:

281 թ-ին կայացած 265-րդ օլիմպիական խաղերում ըմբշամարտիկների մրցումներում հաղթանակ է տարել Հայոց Տրդատ III Արշակունի թագավորը:

Օլիմպիական թանգարանում  (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:

Հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, դադարեցվել են հռոմեական կայսր Թեոդորոս I-ի հրովարտակով՝ 394 թ-ին քրիստոնեության ընդունումից հետո:

Օլիմպիական խաղերի 2-րդ ծնունդը տեղի է ունեցել 1896 թ-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած մարզական խոշորագույն միջազգային մրցումներով՝ ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր, 4 տարին մեկ, ամեն անգամ մեկ այլ երկրում, անցկացվում են Օլիմպիական խաղեր, որոնց ծրագրում ընդգրկված են առավել տարածված մարզաձևերը: 1924 թ-ից սկսած՝ 4 տարին մեկ կազմակերպվում են նաև Ձմեռային օլիմպիական խաղեր՝ սպիտակ օլիմպիադաներ:

Յուրաքանչուր Օլիմպիական խաղերի բացումից մի քանի շաբաթ առաջ հունական Օլիմպիա քաղաքում մեկնարկում է վառվող ջահի փոխանցավազքը (էստաֆետ): Այդ ջահը օդանավերով ու գնացքներով, ավտոմեքենաներով, մոտոցիկլներով ու հեծանիվներով իր երկարատև ճամփորդությունն է սկսում դեպի օլիմպիական մարզադաշտ: Ճանապարհորդության վերջում ջահը վազքով միմյանց են փոխանցում տարբեր աշխարհամասերի ու երկրների մարզիկներ, և դեպի մարզադաշտում տեղադրված վիթխարի աշտանակը տանող աստիճաններով բարձրանալով՝  նշանավոր մարզիկներից մեկը վառում է օլիմպիական կրակը, որը շարունակում է բոցկլտալ մինչև խաղերի ավարտը:

Leave a comment